17 փետրվարի 2017 - 13:10 AMT
ՌԴ ԱԳՆ. ԼՂ-ում կայանալիք հանրաքվեն չի ազդի բանակցությունների վրա

Սահմանադրական հանրաքվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում չի կարող ազդել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթացող բանակցությունների վրա: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:

Փետրվարի 20-ին ԼՂՀ-ում անցկացվելու է սահմանադրական հանրաքվե: Սահմանադրության նոր նախագիծը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձևին: Ըստ գործող 2006թ. սահմանադրության, ԼՂՀ-ն այժմ կիսանախագահական երկիր է:

«Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն: Ելնում ենք նրանից, որ ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական բանակցությունների ճանապարհով Մինսկի գործընթացի շրջանակում»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

«Ընդ որում չենք կարծում, որ խաղաղ կարգավորման ընթացքը կախված է վերոնշյալ սահմանադրական հանրաքվեից»,-ասել են ԱԳՆ-ում:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Արցախում փետրվարի 20-ին կայանալիք Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքները չեն ընդունի: Այս մասին նրանք հայտարարել են Մյունխենում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման արդյունքներով տարածած հայտարարության մեջ։