17 փետրվարի 2017 - 13:03 AMT
ՀՀ-ն ընտրությունների է գնում 2 արևմտամետ ուժով

ՀՀ-ում ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 2 արևմտամետ ուժ՝ ԵԼՔ-ն ու «Ազատ դեմոկրատները», և 1 ակնհայտորեն ռուսամետ կուսակցություն՝ Կոմունիստականը, թեև վերջինիս՝ հաջողություն գրանցելու և ԱԺ անցնելու շանսերը ձգտում են զրոյի:

Մյուս 6 ուժն արտաքին քաղաքականության վերաբերյալ փոփոխական դիրքորոշում են դրսևորել: Այս պահին նրանք ներկայանում են՝ որպես ռուսամետ, քանի որ հիմնականում պաշտպանել են ԵՏՄ-ին ասոցացման համաձայնագիրը:

ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը, ինչպես նաև ՀԱԿ-ը, ժամանակին հանդես են եկել՝ որպես Եվրաասոցացման կողմնակից, սակայն հետագայում, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անսպասելի հայտարարեց ԵՏՄ-ին անդամակցման որոշման մասին, այս 5-ը տվեցին իրենց համաձայնությունը:

ԵՏՄ-ին միանալու պայմանագրին դեմ էին քվեարկել այժմ ԵԼՔ-ում ներառված Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը, «Ազատ դեմոկրատներից» Խաչատուր Քոքոբելյանը: ԱԴ-ից առաջադրվող Հրանտ Բագրատյանը քննադատել էր պայմանագիրը, սակայն չէր քվեարկել՝ հայտարարելով, որ հարցով պիտի հանրաքվե անցկացվի:

ԵԼՔ-ի մեկ այլ առանցքային անդամ, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն էլ վերջերս, անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի քաղաքական գործունեությանը, որպես քննադատություն նշել էր նաև այն, որ Օհանյանը դեմ չէր ռուսական ռազմաբազայի ներկայության երկարաձգման պայմանագրին:

«Ժառանգությունը», որի առանցքային դեմքերի մի մասն այժմ միացել է «Օհանյան-Րաֆֆի- Օսկանյան» դաշինքին, ևս դեմ էր քվեարկել ԵՏՄ-ին միանալու պայմանագրին: Սակայն բուն դաշինքի աշխարհաքաղաքական մոտեցումները պարզ չեն. Օսկանյանը քվեարկությանը չէր մասնակցել, իր ղեկավարած «Համախմբում» կուսակցության ծրագրում ԵՄ-ԵՏՄ երկընտրանքի մասին որևէ բառ չկա, Օհանյանի վերաբերմունքը հարցին ևս հայտնի չէ:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքել է 2014-ի հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձել 2015-ի հունվարի 2-ին: Մոտ 40 պետություն և միջազգային կազմակերպություն շահագրգռվածություն է հայտնել համագործակցելու ԵՏՄ հետ: Շահագրգիռ երկրների թվում են Չինաստանը, Եգիպտոսը,Թաիլանդը և այլն:

«ԵԱԶԲ ինտեգրացիոն բարոմետր» ամենամյա հետազոտության արդյունքներով, 2016-ին Հայաստանի բնակչության շրջանում դրական վերաբերմունքը ԵՏՄ հանդեպ կտրուկ նվազել է՝ մինչև 46%, իսկ բացասականը հասել 15%-ի:

Սա այն դեպքում, որ 2013-ին, երբ երկիրը պաշտոնապես հայտարարեց ԵՏՄ-ին միանալու մասին, բնակչության 67%-ը դրական էր վերաբերվում դրան, իսկ բացասաբար՝ ընդամենը 5%-ը: 2014-ին դրական վերաբերմունքը նվազեց մինչև 64%, իսկ բացասականը հասավ 8%-ի: 2015-ին ՀՀ բնակչության արդեն 10%-ն էր բացասաբար վերաբերվում ԵՏՄ-ին, իսկ դրական` 56%-ը: :