17 փետրվարի 2017 - 14:06 AMT
Օհանյան. ՀՀ գլխավոր խնդիրն անվտանգությունն է, գործող քաղաքական համակարգն իրեն սպառել է

ՀՀ առաջին խնդիրն անվտանգությունն է, իսկ գործող քաղաքական համակարգն իր ռեսուրսները սպառել է: Այս մասին ասել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանը՝ դաշինքի միասնական մամուլի ասուլիսին:

«ՀՀ թիվ մեկ խնդիրն այսօր անվտանգությունն է, բարդ կոնֆլիկտներով մեր տարածաշրջանում անվտանգության մասին մեկ վայրկյան մոռանալու իրավունք չունենք, մյուս հարցերը, ինչքան էլ կարևոր լինեն, պետք է դիտարկվեն հենց անվտանգության համատեքստում:

Միայն բանակը չէ, որ անվտանգության հիմքն է, չնայած՝ դա մեր ամենակայացված համակարգն է», - մասնավորապես ասել է Օհանյանը:

Նրա խոսքով՝ անվտանգության ապահովման հարցում կարևոր դերակատարություն ունի երկրի տնտեսության վիճակը, հատկապես՝ բնակչության գաղափարական, ռազմահայրենասիրական դաստիարակության մակարդակը, ներքին, արտաքին քաղաքականությունը, կրտության, գիտության հնարավորությունների օգտագործումը Զինված ուժերի համար:

«Այս մոդելով, գործող համակարգով մեր առաջընթացի ռեսուրսներն արդեն սպառվել են, մեզ պետք է նոր տնտեսական քաղաքականություն, նոր արտաքին քաղաքականություն, նոր քաղաքաքան, պետական վերնախավ, միայն այդպես անվտանգության աստիճանը կարող ենք բարձրացնել», - շեշտել է նախկին նախարարը:

Օհանյանի խոսքով, ունեն բավականին լուրջ թիմ:

«Ես հասկանում եմ, որ այս ճանապարհը մեր թիմակիցների համար հեշտ չի լինելու։ Լինելու է շատ մեծ դիմադրություն, դրա վառ ապացույցն արդեն կա. այն արշավը, որ արդեն սկսվել է մեր դաշինքի, դաշինքի առաջին անդամների, անձամբ իմ նկատմամբ, որի մեջ ներգրավված են տարբեր քաղաքական գործիչներ, լրատվական միջոցներ, անհատներ, նաև ամբողջական կուսակցություններ և դաշինքներ։ Միամտություն է կարծել, թե մենք այս ամենը չենք հաշվարկել, չենք կանխատեսել ու կանխարգելիչ քայլեր չենք ձեռնարկել», - նկատել է Օհանյանը։

Նրա խոսքով, հակահարվածները դաշինքի կողմից լինելու են, լինելու են հաշվարկված, բամբասանքի մակարդակից հեռու:

Օհանյանը նաև հայտարարել է, որ ինքը որևէ խնդիր չունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ. «ՀՀ նախագահի հետ որևիցե խնդիր չունեմ, սակայն մենք տարբեր տեսակետներ ունենք կառավարման պետական համակարգը ձևավորելու և այն իրականացնելու վերաբերյալ: Իմ տեսակետը ես կարտահայտեմ մեր ծրագրային գործունեության ընթացքում»:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը դաշինքի ստեղծման հուշագրի ստորագրումից հետո հայտարարել է, որ եթե «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը գա իշխանության, մարտի 1-ի իրադարձությունները բացահայտելու հարցը կլինի դաշինքի օրակարգում: ՀՀ պաշտպանության նախկին նախարարը կարծում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, սակայն հրաժարվել է անուններ տալ: Նա ասել է, որ մարդիկ կարող են իրեն տեսնել նաև Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելիս` համարելով դա նախընտրական քարոզարշավի անբաժան մաս:

Կարդացեք նաև՝ ՕՐՕ դաշինքի նախընտրական շտաբը ղեկավարելու է Արմեն Մարտիրոսյանը