17 փետրվարի 2017 - 16:13 AMT
Եվրախորհրդարանը քվեարկել է համաեվրոպական բանակի ստեղծման օգտին

Եվրախորհրդարանը հավանություն է տվել Եվրամիության կենտրոնացման հզորացման, ԵՄ ֆինանսների նախարարի և ընդհանուր եվրոպական բանակի ստեղծման մասին բանաձևին:

Բելգիայի նախկին վարչապետ և Brexit-ի համար պատասխանատու Գի Վերհոֆսթադի առաջարկած փաստաթղթին կողմ է քվեարկել 283 պատգամավոր: Դեմ է եղել 269 պատգամավոր և ձեռնպահ` 83-ը:

Եվրախորհրդարանի հավանությունը կարող է նշանակել ԵՄ հիմնարար պայմանագրի բարեփոխման մեկնարկ, հայտնում է Ինտերֆաքսը:

«Ըստ էության Վերհոֆսթադն առաջարկում է սահմանափակել կամ նույնիսկ ամբողջությամբ վերացնել հավաքական որոշումներից հրաժարվելու ԵՄ անդամ երկրների իրավունքը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆրանս Տիմմերմանը հայտարարել է, որ ԵՄ հիմնարար փաստաթղթերի փոփոխությունը հիմա առաջնային չէ:

Վերհոֆսթադը գլխավորում է Եվրախորհրդարանի ազատական դաշինքը և համարվում է եվրոպացի դաշնայինների առաջնորդը, որոնք հանդես են գալիս միությունների ընդլայնման ու ամրապնդման օգտին: