17 փետրվարի 2017 - 16:27 AMT
ԵԱՀԿ դիտարկման ընթացքում հրադադարի խախտումներ և միջադեպեր չեն գրանցվել

Փետրվարի 16-ին հայ-ադրբեջանական սահմանագոտում` ՀՀ Տավուշի մարզի Չինարի բնակավայրի մերձակայքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը:

Հայկական կողմից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն և Խրիստո Խրիստովը, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Դիտարկումից հետո Չինարիի գյուղապետարանում կայացած բրիֆինգի ընթացքում ԵԱՀԿ ներկայացուցիչներին է ներկայացվել սահմանագոտում տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը:

ԵԱՀԿ պաշտոնյաների ուշադրությունն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական կողմը պարբերաբար կրակի տակ է պահում սահմանամերձ բնակավայրերը, արոտավայրերն ու դաշտերը:

Դիտարկման ընթացքում հրադադարի խախտումներ և միջադեպեր չեն գրանցվել:

Փետրվարի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ:

ԼՂՀ ՊՆ-ից հայտնում են, որ նշված ժամանակահատվածում հակառակորդը Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից, նռնականետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 85 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 800 կրակոց: