17 փետրվարի 2017 - 16:49 AMT
Ճապոնացի լրագրող. Մալայզիայում սպանված Կիմ Չեն Նամը վստահ էր, որ ՀԿԺՀ ռեժիմը փլուզվելու է

Ճապոնացի լրագրող Յոջի Գոմին բացահայտել է ՀԿԺՀ առաջնորդ Կիմ Չեն Ինի սպանված եղբոր` Կիմ Չեն Նամի վերաբերյալ որոշ մանրամասներ:

2012-ին Գոմին գիրք էր հրատարակել, որի հիմքում զոհվածի հետ անձնական զրույցներն էին ու էլեկտրոնային նամակագրությունը:

Ըստ լրագրողի, Կիմ Չեն Նամը նույնիսկ Հյուսիսային Կորեայից մեկնելուց առաջ կողմ էր հանդես գալիս բարեփոխումներին: Ավելի ուշ նա համոզմունք էր հայտնել, որ առանց փոփոխությունների հյուսիսկորեական ռեժիմը կփլուզվի, իսկ Կիմ Չեն Ինը երկար չի մնա իր պաշտոնում, հայտնում է Lenta.ru-ն:

Միևնույն ժամանակ Գոմին պնդում է, որ Կիմ Չեն Նամին երբեք չեն տեսել եղբոր հետ, իսկ անձնական զրույցներում, երբ հիշատակվում էր նրա անունը, նա «քրտնում էր ու կաշկանդվում»:

Նա նաև վստահություն է հայտնել, որ Կիմ Չեն Նամի սպանությունը կարող է վատթարացնել ՀԿԺՀ և Չինաստանի հարաբերությունները, քանի որ սպանվածն ապրում էր Չինաստանում և նույնիսկ անվտանգության երաշխիքներ ուներ Պեկինից:

Չինաստանը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել Կիմ Չեն Նամի սպանությունը: