17 փետրվարի 2017 - 17:10 AMT
ՀՀ ներդրումային հարթակը գործարկվել է. Արդեն 35-ից ավելի ծրագիր կա

Գործարկվել է ՀՀ ներդրումային հարթակը: Investmentprojects.am-ի նպատակն է ներգրավել ներդրումներ Հայաստանի Հանրապետություն՝ ինչպես արտերկրից, այնպես էլ երկրի ներքին ներդրողներից:

Կայքը կապող հարթակ կլինի ներդրողների և ներդրումային նախագծեր առաջարկողների համար: Կայքում պարբերաբար կավելացվեն և կթարմացվեն իրատեսական և հետաքրքիր ներդրումային ծրագրերը: Հարփակում արդեն կա 35-ից ավելի ներդրումային ծրագիր:

Կայքը գործարկվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Հայաստանի զարգացման հիմնադրամի համատեղ ջանքերով:Investmentprojects.am կայքում ինֆոգրաֆիկայով տեղեկություն է տրամադրվում այցելուներին ՀՀ ներդրումներ կատարելու գրավչության և շահեկանության վերաբերյալ, ինչպես նաև` մանրամասն նկարագրվում է Հայաստան ներդրումային միջավայրի գրավչությունը, շահեկանությունը և հնարավոր հեռանկարները:

Կայքը հնարավորություն է տալիս պոտենցիալ ներդրողներին դիտարկել նախագծերը` ըստ գործունեության ոլորտների կամ տեղակայման վայրի և ստանալ տեղեկատվություն հետաքրքրող նախագծի վերաբերյալ, օրինակ` նախագծի ընդհանուր արժեքը, տվյալ պահին ներդրված գումարի չափը, մարզը, նախագծի նկարագրությունը, հստակ բիզնես պլանը և այլն:

Հարթակը հնարավորություն է տալիս ցանկացած անձի, ով ունի հետաքրքիր բիզնես-նախագիծ, ներկայացնել այն կայքի սպասարկող անձնակազմին` ներդրումներ ներգրավվելու նպատակով:

Կարդացեք նաև՝ Կառավարությունը Երևանի ու «Զվարթնոցի» միջև հասարակական տրանսպորտի համար ներդրող է փնտրում