17 փետրվարի 2017 - 17:39 AMT
ՀՔԾ. Ոստիկանները խոշտանգել են կասկածյալներին, քրգործեր են հարուցվել

Գողություններ կատարելու կասկածանքով ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին բերման ենթարկված մի խումբ անձանցից Թովմաս Կ.-ն, Էդգար Կ.-ն և Արևիկ Գ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նույնաբովանդակ հաղորդումներ են տվել հիշյալ բաժնի ոստիկանների կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահման, խոշտանգման և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ:

Հաղորդումների հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է երեք քրեական գործ, որոնք միացվել և քննվում են մեկ վարույթում, տեղեկացնում է ՀՀ քննչական ծառայությունը:

Այսպես, ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ կալանավոր Թովմաս Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի աշխատակիցներն իրեն 2016-ի նոյեմբերին բերման են ենթակել բաժին և ապօրինի պահել մինչև երեկո: Այդ ընթացքում ոստիկանները Թովմաս Կ.-ին պարբերաբար ծեծի են ենթարկել ձեռքերով, ոտքերով և մահակներով` հարկադրելով խոստովանել, որ ինքը Արտյոմ Հ.-ի հետ բնակարանային գողություն է կատարել: Այնուհետև ոստիկանության աշխատակիցներն արձանագրություն են կազմել, որի մեջ կեղծ տեղեկություններ են ներառել Թովմաս Կ.-ին բերման ենթարկելու ժամի վերաբերյալ:

Բազմադրվագ գողություններ կատարելու մեջ կասկածվող Էդգար Կ.-ի հաղորդման համաձայն` վերջինիս նկատմամբ նույնպես բռնություն է գործադրվել ոստիկանության նույն ստորաբաժանման պաշտոնատար անձանց կողմից: Ըստ Էդգար Կ.-ի` ոստիկանները ծեծի, ինչպես նաև պատիվն ու արժանապատվությունը նսեմացնող սպառնալիքների միջոցով ստիպել են ընդունել իր կողմից չկատարված ՀՀ Շիրակի մարզի մեկ այլ բնակարանային գողության դեպքը:

Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել նաև Էդգար Կ.-ի մայրը` Գյումրի քաղաքի բնակչուհի Արևիկ Գ.-ն, ով նույնպես բերման է ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին և այնտեղ անօրինական պահվել 14 ժամ: Այդ ընթացքում բաժնի պետի տեղակալը, որդուն արգելանքից ազատելու պայմանով, Արևիկ Գ.-ից պահանջել է նշված դեպքով հարուցված քրեական գործով տալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ, որոնք այնուհետև արձանագրել է քննիչը:

Այսպիսով, պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, խոշտանգում և պաշտոնեական կեղծիք կատարելու համար քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ, 309-րդ, 309.1-րդ և 314-րդ հոդվածների տարբեր մասերով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: