17 փետրվարի 2017 - 18:32 AMT
Երևանի դպրոցներում ավելի քան 200 սիրիահայ է սովորում

Ավելի քան 200 սիրիահայ երեխա սովորում է մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում, իսկ արտադպրոցական տարիքի երեխաներն արտոնյալ հիմունքներով ընդունվում և անվճար հաճախում են Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներ:

Սիրիահայերն ակտիվորեն մասնակցում են նաև մշակութային տարբեր միջոցառումների՝ ինտեգրվելով մայրաքաղաքի հասարակական կյանքին:

Քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությունը վարչական շրջանների ղեկավարների ու նրանց աշխատակազմերի հետ շարունակում է մայրաքաղաքում բնակվող սիրիահայ կարիքավոր ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունը:

Այդ համատեքստում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջանների ղեկավարների հետ միասին այցելել է վերոնշյալ վարչական շրջաններում բնակվող սիրիահայ ընտանիքներ և, նախապես ուսումնասիրած լինելով նրանց կարիքները, տրամադրել համապատասխան աջակցություն:

Սիրիայից Հայաստան ներգաղթյալների թիվը շուրջ 22.000 է, որոնց մոտ 90-95%-ն ապրում է մայրաքաղաքում:

Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերում ներգրավված են նաև մի շարք հասարակական կառույցներ: Այսպիսով հնարավորություն է ընձեռվում տարեկան մոտ 3-4 հազար կարիքավոր ընտանիքի ներառել սոցիալական տարբեր ծրագրերում: