17 փետրվարի 2017 - 18:45 AMT
ՀՀ-ն սահմանել է անձնական տվյալների պաշտպանությունն ապահովող երկրների ցանկը

ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը սահմանել է անձնական տվյալների պաշտպանության բավարար մակարդակ ապահովող պետությունների ցանկ, որում ներառված է 50 պետություն:

Անձնական տվյալները կարող են փոխանցվել ցանկում ընդգրկված պետություն առանց Գործակալության թույլտվության, տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը:

Պետություններն այս ցանկում ներառվել են ըստ 3 հիմնական չափանիշի՝ պետությունը վավերացրել է «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիան (108 կոնվենցիա) կամ անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ բազմակողմ այլ համադրելի միջազգային պայմանագիր, ունի անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ օրենք, ունի անձնական տվյալների պաշտպանության պետական լիազոր մարմին:

Ցանկում բացակայող պետություններին անձնական տվյալներ փոխանցելու դեպքում տվյալներ մշակողը պարտավոր է թույլտվություն ստանալու նպատակով գրավոր դիմել Գործակալությանը: