18 փետրվարի 2017 - 09:55 AMT
Եպիսկոպոս Մարաշլյանն ու պատրիարքի փոխանորդ Աթեշյանը կժամանեն Մայր Աթոռ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Արամ և Սահակ Սրբազանները հաջորդ շաբաթ կժամանեն Մայր Աթոռ: Լուրը հաստատել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը, հաղորդում է Panorama.am-ը:

Տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանը պաշտոնապես հրաժարական է տվել, ինչպես նաև հայտնել պատրիարքի ընտրություններում իր թեկնածությունը չառաջադրելու և Ստամբուլը հիմնովին լքելու մասին: Մաշալյանն իր որոշման համար մեղադրել է պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին և հայտարարել, որ վերջինս ամեն կերպ խոչընդոտում է նախընտրական գործընթացն ու խախտում եկեղեցական կարգը՝ փոխպատրիարքի աթոռին մնալով մանիպուլյացիայի և սպառնալիքների միջոցով:

Նախատեսվում է, որ նրանք Վեհափառ Հայրապետի հետ կքննարկեն ստեղծված իրավիճակը՝ ընդհանուր փոխըմբռնման հանգելու պատրիարքական ընտրությունների գործընթացի վերաբերյալ:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Պոլսի պատրիարաքական ընտրությունները կայանալու են առաջիկա մայիսի 28-ին: Որոշումները կայացվել են փետրվարի 16-ին Պոլսի Պատրիարքարանում տեղի ունեցած ազգային- եկեղեցական դռնփակ նիստի ժամանակ: