18 փետրվարի 2017 - 11:31 AMT
Հզոր պայթյուն Թուրքիայի հարավում.Կան զոհեր և վիրավորներ

Հզոր պայթյուն է որոտացել Թուրքիայի հարավում: 3 մարդ զոհվել է, 15-ը` վիրավորվել:

Պայթյունը որոտացել է փետրվարի 17-ի ուշ երեկոյան Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու Շանլիուրֆա գավառի Վիրանշեհիր քաղաքի հանրակացարանի մոտ: Այդ հանրակացարանում բնակվում են դատավորներ ու դատախազներ: Այդ մասին հայտարարել է նահանգապետ Գյունգեր Ազիմ Թունին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով 3-ամյա երեխա է զոհվել:

Վերջին շրջանում ահաբեկչական գործողությունները Թուրքիայում շատ հաճախակի են դարձել: Վերջին ամենամեծ պայթյունը տեղի է ունեցել Ստամբուլում` դեկտեմբերի 10-ին, երբ 44 մարդ զոհվեց, վիրավորվեց` 155-ը: Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում գտնվող Vodafone Arena մարզադաշտի հարակից տարածքում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Քուրդիստանի ազատության բազեներ» (TAK) կազմակերպությունը: