18 փետրվարի 2017 - 13:04 AMT
4-րդ կասկածյալն է ձերբակալվել Կիմ Չեն Նամի սպանության գործով

Մալայզիայի ոստիկանությունը հայտնել է ՀԿԺՀ ղեկավար Կիմ Չեն Ինի եղբոր` Կիմ Չեն Նամի սպանության գործով 4-րդ կասկածյալի ձերբակալության մասին: Դա 1970-ին ծնված Լի Չոն Չխոլն է, գրում է «Կոմերսանտը»:

Կասկածյալին ձերբակալել են փետրվարի 17-ի երեկոյան Սելանգոր նահանգում, նա ունեցել է Մալայզիայի իշխանությունների կողմից օտարերկրացի բանվորներին տրվող փաստաթղթեր:

Ավելի վաղ Հյուսիսային Կորեան կոչ է արել Մալայզիային շտապ կարգով արտահանձնել սպանվածի դին, ինչպես նաև զեկույց ներկայացնել դիահերձման արդյունքների մասին:

ՀԿԺՀ ղեկավարի եղբայրը` Կիմ Չեն Նամը, որը հիմնականում արտերկրում էր ապրում և հայտնի էր Հյուսիսային Կորեայում նախագահի պաշտոնի ժառանգականության դեմ հրապարակային ելույթներով, սպանվել է փետրվարի 13-ին Մալայզիայի օդանավակայանում: Ենթադրվում է, որ նրան թունավորել են Կուալա Լումպուրի օդանավակայնում գլխաշորի կամ սփրեյի միջոցով: Նա մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Սպանությունը 2 կին է կատարել, որոնք իբր Հյուսիսային Կորեայի լրտեսներ են:

Ընթերցեք նաև. Ճապոնացի լրագրող. Մալայզիայում սպանված Կիմ Չեն Նամը վստահ էր, որ ՀԿԺՀ ռեժիմը փլուզվելու է