18 փետրվարի 2017 - 12:41 AMT
Ստեֆան դե Միստուրա. ՀՀ-ն Սիրիայի ճգնաժամից տուժած մեծ թվով փախստականներ է ընդունում

Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են սիրիական ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված ջանքերին: ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ բանագնացը հանգամանալից ներկայացրել է բանակցային գործընթացի վերջին զարգացումները և հեռանկարները:

Ստեֆան դե Միստուրան գոհունակություն է հայտնել առ այն, որ Հայաստանը, իր հնարավորության սահմաններում, շարունակական մարդասիրական օգնություն է ցուցաբերում Սիրիայի ժողովրդին և ճգնաժամից տուժած մեծ թվով փախստականներ է ընդունում, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Փետրվարի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ Մյունխենում կայացել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Քննարկվել են արտգործնախարարների միջև հետագա հանդիպումների, ինչպես նաև համանախագահների` տարածաշրջան այցելության հետ կապված հարցեր։