18 փետրվարի 2017 - 12:08 AMT
Նախարար. Կարտոֆիլի շուկան ՀՀ-ում ձևավորված է, մենաշնորհները բացակայում են

ՀՀ-ում կարտոֆիլագործության շուկան ձևավորված է, բացակայում են մենաշնորհները: Այս մասին ասվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի կողմին հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ՝ ՀՀ-ում գործող կարտոֆիլագործների միությունների, հասարակական կազմակերպությունների, խոշոր արտադրողների և ներմուծողների մասնակցությամբ: Քննարկվել են ՀՀ-ում կարտոֆիլագործության ճյուղի ընթացիկ խնդիրներն ու զարգացման հեռանկարները:

«Կարտոֆիլագործությունը Հայաստանի գյուղատնտեսության առավել կայացած ուղղություններից մեկն է, և ձեզ հետ նախաձեռնած այս հանդիպումը նպատակ ունի համատեղ քննարկել այսօր ճյուղի հետագա զարգացմանը խոչընդոտող խնդիրները, արտահանման ծավալների վերականգնման հնարավորությունները, հասկանալու համար, թե պետությունն ինչով կարող է աջակցել և օկտակար լինել, որպեսզի պարենային ապահովության տեսանկյունից կարևոր այս ոլորտն ինչպես հարկն է զարգանա, մասնավորապես բարձրանա բերքատվությունը, իջնի ինքնարժեքը և մենք ունենանք մրցունակ արտադրանք»,- նշել է նախարար Առաքելյանը:

Կարևորելով պետություն-մասնավոր հատված փոխգործակցության շրջանակում նման ձևաչափով հանդիպումների հաճախակի կազմակերպումը` ներկաները շեշտել են, որ ոլորտն իրապես կարելի է համարել կայացած. շուկան ձևավորված է, բացակայում են մենաշնորհները: Որպես խոչընդոտող խնդիրներ` բարձրացվել են մասնավորապես շրջանառու միջոցների սղության, իրացման, մեխանիզացիայի մաշվածության ու բացակայության, սորտաթարմացման, տնկանյութի սուբիսդավորման, որպես «Վերին Լարսին» այլընտրանք` պետության կողմից «Փոթի» նավահանգստում լաստանավի վարձակալման և այլ հարցեր:

Նախարարը հայտնել է, որ շուտով կմեկնարկի գյուղտեխնիկայի ձեռքբերման լիզինգային ծրագիրը, որը հնարավորություն կընձեռի անհամեմատ մատչելի պայմաններով տեխնիկա գնել:

Հանդիպման ընթացքում կարտոֆիլագործներն անդրադարձել են նաև համակցված պարարտանյութերի կիրառմանը և նշել, որ դա առավել արդյունավետ է, քան ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի առանձին օգտագործումը, սակայն դրա ձեռքբերումը փոքր քանակներով բավականին թանկ է և ոչ նպատակահարմար: Նախարարն առաջարկել է համատեղ քննարկել, ձևավորել հստակ պահանջարկ, ներկայացնել Գյուղատնտեսության նախարարություն, որպեսզի բանակցեն արտադրողի հետ և աջակցեն կարտոֆիլագործներին հնարավորինս մատչելի պայմաններով և մեծ խմբաքանակով ձեռք բերել պարարտանյութը:

Իգնատի Առաքելյանը, անդրադառնալով կարտոֆիլի արտահանմանը, նշել է, որ նախարարության մասնագետները կուսումնասիրեն կարտոֆիլ ներկրող երկրների շուկաները, առկա գնային քաղաքականությունն ու սորտերը, կկազմեն կարտոֆիլի արտահանման զարգացմանը միտված ծրագիր և կներկայացնեն ներկաներին:

Խորհրդակցության մասնակիցները պայմանավորվել են առաջիկայում դարձյալ հանդիպել` բարձրացված խնդիրների շուրջ հետագա անելիքները քննարկելու նպատակով:

2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 3.1% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի 27.7% գնաճով: Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2016թ. դեկտեմբերին 2015թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 1.0% գնանկում, իսկ 2016թ. նոյեմբերի համեմատ՝ 27.7% գնաճ: