18 փետրվարի 2017 - 14:15 AMT
Արայիկ Խանդոյանը հացադուլ է հայտարարել ի պաշտպանություն «հաց բերող» Սարգսյանի

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը, որը հայտնի է որպես Միայնակ գայլ, արդեն երկու օր է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ է հայտարարել՝ ի պաշտպանություն «հաց բերող» Արթուր Սարգսյանի։ Այդ մասին տեղեկացրել է Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը, հայտնում է Panorama.am-ը:

ՊՊԾ գնդի գրավման օրերին զինված խմբին սնունդ մատակարարած Արթուր Սարգսյանը ձերբակալվել էր 2016-ի օգոստոսի սկզբին, տարեվերջին նրա հանդեպ խափանման միջոցը փոխվել էր և նա ազատ էր արձակվել: Փետրվարի 10-ին, սակայն, դատարանը կրկին որոշել է 2 ամսով կալանավորել Սարգսյանին:

«Իր դիմումում Արայիկ Խանդոյանը նշել է, որ ցանկանում է իր քայլով աջակցել Արթուր Սարգսյանին, իր եղբորը՝ Արարատ Խանդոյանին, որի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում, ինչպես նաև փորձում է այդ քայլով աջակցել Ներսես Պողոսյանին ու Սարի թաղի գործով կալանքի տակ բոլոր գտնվողներին», -փոխանցել է Արայիկ Պապիկյանը։

Փաստաբանի խոսքով, Խանդոյանն ասել է, թե չի կարող հանդիպել, խոսել Արթուր Սարգսյանի հետ, բայց գոնե այս քայլով կարող է զորակցել նրան։

Պապիկյանը տեղեկացրել է, որ երեկ է հանդիպել իր պաշտպանյալի հետ, տեղեկացել, որ ոչ առողջական, ոչ էլ պահման պայմանների հետ կապված գանգատներ չունի։

Արայիկ Խանդոյանը մեղադրվում է 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (պատանդառություն, զենքի ապօրինի շրջանառություն, զենքի հափշտակում):