18 փետրվարի 2017 - 16:18 AMT
Նաղդալյանը՝ Բուլղարիայի պատվիրակությանը. ԼՂ-ն զարգացող ու ժողովրդավարական պետություն է

Լեռնային Ղարաբաղը զարգացող ու ժողովրդավարական արժեքներ կրող պետություն է: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ Բուլղարիայի խորհրդարանի նախկին անդամ, «Ազգային ճակատ» միավորման նախագահ Վալերի Սիմեոնովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Հայաստանն ու Բուլղարիան եղբայրական երկրներ են, ունեն պատմամշակութային սերտ կապեր եւ ընդհանրություններ: Նաղդալյանն անդրադարձել է երկու երկրի միջեւ հարաբերությունների ներկա մակարդակին եւ կարեւորել մասնավորապես խորհրդարանական հարթակում կապերի առավել խորացումն ու զարգացումը:

Նաղդալյանը հյուրերին մանրամասն ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի փուլերը, կատարված քայլերը եւ այս հարցում Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը: Նա ընդգծել է, որ ԼՂ ժողովուրդը ցանկանում է ապրել ազատ ու անկախ երկրում եւ հավելել, որ Լեռնային Ղարաբաղը զարգացող ու ժողովրդավարական արժեքներ կրող պետություն է: ԱԺ նախագահի տեղակալը խոսել է նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմի մասին եւ ներկայացրել մանրամասներ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին: Նաղդալյանը շնորհակալություն է հայտնել Բուլղարիայի խորհրդարանին եւ հատկապես Վալերի Սիմեոնովին այս հարցում գործադրած ջանքերի համար: Նաղդալյանն ընդգծել է, որ առաջադեմ մարդկությունը պետք է պայքարի եւ քայլեր ձեռնարկի, որպեսզի աշխարհում այլեւս նման ողբերգություններ չկրկնվեն:

Վալերի Սիմեոնովն իր հերթին ընդգծել է, որ պատմական տարբեր ժամանակներում հայ եւ բուլղարացի ժողովուրդները բարեկամներ են եղել: Խոսելով ԼՂ հիմնախնդրի մասին՝ պարոն Սիմեոնովը նշել է, որ իրենք հասկանում են խնդրի էությունը եւ իրենց հնարավորության սահմաններում պատրաստ են օգտակար լինել եղբայր հայ ժողովրդին:

Կողմերը կարեւորել են միջազգային տարբեր խորհրդարանական հարթակներում փոխգործակցության խորացումը եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում միմյանց աջակցելը: