Թուրքիայի և Նիդերլանդների միջև քաղաքական ճգնաժամի խորացման ֆոնին Անկարան հայտարարել է, որ խզում է դիվանագիտական կապերն այդ երկրի իշխանությունների հետ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Իրավիճակի սրման համար առիթ էր հանդիսացել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի կողմից թուրք նախարարների քարոզարշավի կազմակերպման արգելքը Ռոտերդամում:
Աղբյուրը հաղորդում է, որ Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են մի շարք պատժամիջոցներ սահմանել Նիդերլանդների դեմ՝ այդ թվում նաև արգելել այդ երկրի դեսպանի մուտքը Թուրքիա, ինչպես նաև չընդունել Նիդերլանդներից եկող դիվանագիտական թռիչքները:
Reuters-ը նկատում է, որ պատժամիջոցները զուտ դիվանագիտական են և որևէ կերպ չեն առնչվում տնտեսությանը, զբոսաշրջությանն ու շարքային քաղաքացիներին:
«Մենք ձեզ հետ կվարվենք ճիշտ այնպես, ինչպես դուք վարվեցիք մեզ հետ: Մենք թույլ չենք տա Նիդերլանդցի դիվանագետներին ու դեսպաններին տեղափոխող ինքնաթիռներին օգտվել մեր օդային տարածքից կամ վայրէջք կատարել մեզ մոտ»,- հայտարարել է փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:
Ավելի վաղ ԵՄ-ն հորդորել է Թուրքիային ձեռնպահ մնալ «ավելորդ հայտարարություններից» և գործողություններից Նիդերլանդների հետ կապված սկանդալի ֆոնին: