20 մարտի 2017 - 10:18 AMT
Շախմատի ՀՀ ազգային հավաքականները չեն մասնակցելու աշխարհի թիմային առաջնությանը

Հունիսի 16-ից 28-ը Խանտի-Մանսիյսկում կայանալիք շախմատի աշխարհի տղամարդկանց և կանանց թիմային առաջնությունները կանցնեն առանց Հայաստանի հավաքականների մասնակցության:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Աշոտ Վարդապետյանը տեղեկացրել է, որ թե տղամարդիկ, թե կանայք այդ իրավունքը չեն նվաճել.

«Աշխարհի թիմային առաջնությանը մասնակցում են 10-ական թիմեր. մայրցամաքների չեմպիոնները, Բաքվում կայացած համաշխարհային օլիմպիադայից երեք թիմ, կազմակերպիչ երկիրը, նախորդ առաջնության չեմպիոնը և մեկ թիմ էլ՝ ՖԻԴԵ-ի նախագահի ընտրությամբ:

Ավաղ, մեր հավաքականներն այս չափորոշիչների մեջ չեն տեղավորվել», - պարզաբանել է Վարդապետյանը, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիկան կոմիտեն:

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը օլիմպիական եռակի չեմպիոն է (2006, 2008, 2012), աշխարհի թիմային առաջնության (2011) և Եվրոպայի թիմային առաջնության (1999) հաղթող: Բացի այդ, հավաքականը երեք անգամ դարձել է օլիմպիադաների և չորս անգամ աշխարհի թիմային առաջնությունների բրոնզե մեդալակիր, երկու անգամ Եվրոպայի թիմային առաջնությունների արծաթե և մեկ անգամ՝ բրոնզե մեդալակիր: Հավաքականի առավելագույն միջին վարկանիշը 2724 է (2012):