23 մարտի 2017 - 17:14 AMT
Հայկական երկրորդ ավիափոխադրողը թռիչքներ կիրականացնի Գյումրու օդանավակայանից

ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության և «Տարոն-Ավիա» ավիաընկերության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2017 թվականի ապրիլից Գյումրու «Շիրակ» օդանավակայանում բազավորվելու, կանոնավոր և ոչ կանոնավոր թռիչքներ է սկսելու իրականացնել հայկական երկրորդ հավաստագրված ավիափոխադրողը՝ «Տարոն-Ավիա»-ն:

Ինչպես հայտնում է ՔԱԳՎ մամուլի ծառայությունը, ավիաընկերության թռիչքների մեկնարկը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը և տարածաշրջանում տնտեսության զարգամցանն ու զբոսաշրջության ակտիվացմանը:

Ըստ planespotters.net կայքի, Տարոն-Ավիա-ն ունի 3 Boeing-737 օդանավ:

Գյումրու «Շիրակ» օդանավակայանից 2014 թվականի դեկտեմբերի 31-ից մեկնող ուղևորներից ելքի 10.000 դրամ տուրքը չի գանձվում, 2017 թ. հունվարի 1-ից աէրոնավիգացիոն սպասարկման սակագինը նվազեցվել է 50%-ով, իսկ օդերևութաբանական սպասարկումն իրականացվում է անվճար: «Շիրակից» է թռիչքներ իրականացնում ռուսաստանյան «Պոբեդա» լոուքոսթերը:

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն 2017 թվականին նախատեսում է իրականացնել շուրջ 3 մլն ԱՄՆ դոլարի ներդրում՝ «Շիրակ» օդանավակայանի շենքային պայմանների ու ենթակառուցվածքների զարգացման և արդիականացման նպատակով:

Photo. Skyliner