27 մարտի 2017 - 18:47 AMT
Սարգսյանը ԵԱՀԿ ՄԽ հետ քննարկել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր, անդրադարձել արցախա-ադրբեջանական հակամարտության շփման գծում տիրող իրավիճակին:

Համանախագահները ՀՀ նախագահին տեղեկացրել են Բաքվում ունեցած հանդիպումների մասին:

Հանդիպման մասնակիցները կարևորել են բանակցային գործընթացում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հանձնառություններին կողմերի հավատարմությունը, ինչպես նաև Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը:

Մարտի 27-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Ռիչարդ Հոգլանդին (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին։ Քննարկվել են ղարաբաղյան կարգավորման գործընթացն առաջ մղելուն ուղղված քայլերը, շեշտվել է Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին կայացված որոշումների իրագործման անհրաժեշտությունը։

Համանախագահները ներկայացրել են Բաքվում ունեցած հանդիպումները։