27 մարտի 2017 - 19:02 AMT
«Քաղաքացի դիտորդը» ընտրությունների վերահսկողության մեխանիզմներ է մշակել

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամները ներկայացրել են ընտրությունների վերահսկողության մեխանիզմները:

«Մենք կոչ ենք անում Հայաստանից բացակայող ՀՀ քաղաքացիներին գրանցվել, որպեսզի մենք կարողանանք վերահսկել իրենց փոխարեն քվեարկության դեպքերը և հետամուտ լինել ընտրակեղծարարներին պատասխանատվության ենթարկելուն»,- ասել է նախաձեռնության անդամ, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը:

Նրա խոսքով, իրենք ձեռք են բերելու քվեարկությանը չմասնակցող քաղաքացիների ցուցակ և քվեարկողների ստորագրած ցուցակների հետ համեմատելով՝ կարողանալու են պարզել՝ արդյոք այդ անձանց փոխարեն քվեարկել են, թե ոչ։

Անդրադառնալով դրա իրավական հետևանքներին՝ Լուսինե Հակոբյանը նշել է որ դա իրենց հնարավորություն կտա ոչ միայն դիմել ընտրական հանձնաժողովներ և վարչական դատարան՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները, այլև հաշվի առնելով այն հանգամանքը, որ այլ անձի փոխարեն քվեարկությունը քրեորեն պատժելի արարք է, ներկայացնելու են նաև հանցագործության մասին հաղորդումներ:

Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը նշել է, որ ապրիլի 2-ին նախաձեռնությունն ընտրական գործընթացների աննախադեպ վերահսկողություն է իրականացնելու՝ ծածկելով 1500-ից ավելի ընտրատեղամասեր՝ Հանրապետության բոլոր ընտրական տեղամասերի ավելի քան 75%-ը, որտեղ քվեարկելու է ընտրողների 95%-ը։

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ավագ իրավախորհրդատու Տիգրան Եգորյանը հայտարարել է, որ նախաձեռնությունը պատրաստվում է Սահմանադրական դատարանում վիճարկել ընտրական օրենսգրքի որոշ դրույթների սահմանադրականության հարցը․«Մենք այս պահին ՍԴ ներկայացվելիք դիմումի վրա ենք աշխատում և այդ դիմումով ներկայացնելու ենք նաև դիտորդների իրավունքների անհամաչափ սահմանափակումների սահմանադրականության հարցը»։

Նախաձեռնությունը պատրաստվում է դիմել այս հարցով ՍԴ մինչև ընտրությունները, եթե ԱԺ պատգամավորների համապատասխան ստորագրությունները հավաքվեն, կամ եթե ՄԻՊ-ը համագործակցի իրենց հետ:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը Խորհրդարանական ընտրությունների վերահսկողությունն իրականացնելու է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի համաֆինանսավորմամբ իրականացվող «2017 թ․ խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագրի շրջանակներում: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կազմում են «Իրավունքի Եվրոպա միավորում», «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ-ները: