28 մարտի 2017 - 09:34 AMT
ՄԽ համանախագահ. ԼՂ հարցով ՄԱԿ-ի նոր բանաձևի անհրաժեշտություն չկա

Մոտ մեկ ամիս առաջ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, քննարկվել է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի հարցը: Այս մասին Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը՝ նշելով, որ ԼՂ հարցը քննարկել է տեղի պատկան ղեկավարության հետ:

«Նրանք ինձ հավաստիացրեցին, որ եթե դա օգտակար լինի, նրանք պատրաստ են որոշակի քայլեր ձեռնարկել, դա կարող է լինել ՄԱԿ-ի բանաձև, կամ օգնություն այս կամ այն գործընթացի հետ կապված»,- ասել է նա՝ պատասխանելով հացին, թե անհրաժեշտ չէ արդյոք ԼՂ հարցով ՄԱԿ-ի նոր բանաձև ընդունել, գրում է Panorama.am-ը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն գրում էր, որ կողմերի միջև բախման հավանականությունը շատ մեծ է, անհրաժեշտ է, որպեսզի լինի ՄԱԿ-ի բանաձև, որը կդատապարտի հրադադարի խախտումները, սա թույլ կտա կանխել իրավիճակի սրացումը:

Ռիչարդ Հոգլանդի խոսքով, այս պահի դրությամբ ԵԱՀԿ-ն է որպես միջազգային կառույց, որ այս գործընթացում առաջնորդող դերակատարում ունի, իրենք որպես ԵԱՀԿ մաս, ստանձնում են ամբողջ պատասխանատվությունը:

«Նաև կարող ենք մտքում ունենալ, որ եթե լինի ճիշտ պահը՝ ելնելով պայմաններից, անհրաժեշտությունից, կարող ենք նաև դիմել ՄԱԿ-ին: Չնայած՝ դուռը մեզ համար բաց է, չենք կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա: Ապագայում գուցե դա անհրաժեշտ լինի, և եթե լինի իրական քայլ դեպի խաղաղություն, միգուցե մենք դիմենք ՄԱԿ-ին՝ օգնելու մեզ: Այս պահին, կարծես, առանձնահատուկ անհրաժեշտութուն չկա ՄԱԿ-ի նոր բանաձևի համար»,- ասել է Ռիչարդ Հոգլանդը:

Ավելի վաղ Հոգլանդը հայտարարել է, որ«պետք է զգույշ լինեն հրապարակավ խոսքում, չնայած գիտենք՝ ինչ է տեղի ունենում»