28 մարտի 2017 - 11:05 AMT
Քուրդ գործիչը Թուրքիային մեղադրել է Սիրիայում խաղաղ գործընթացը ձախողելու ձգտման մեջ

Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ փորձում են տապալել Սիրիայում ճգնաժամի խաղաղ և քաղաքական կարգավորման հարցում նշմարող պայմանավորվածությունները: Այդ մասին հայտարարել է Սիրիայում գործող քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) ներկայացուցիչ Հալեդ Իսան:

«Հենց որ մեծ երկրները ինչ-որ լուծումներ են գտնում երկրում իրավիճակի քաղաքական հանգուցալուծման համար, հայտնվում են տարածաշրջանային ծայրահեղական ուժեր, որոնք ձախողում են դա: Օրինակ՝ Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Քաթարը»,-ասել է Իսան՝ պատասխանելով Ժնևում բանակցությունների մասին հարցին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ քուրդ քաղաքական գործչի, Սիրիային ոչ թե կրոնական կամ դավանանքային զարգացում է պետք, այլ համազգային գաղափար, որը հաշվի կառնի Սիրիայի բոլոր բնակիչների շահերը:

«Խճանկարը, երբ բոլորը գոյակցում են, այն է, ինչ չի ցանկանում Թուրքիան...այժմ Թուրքիայի նախագահն իրեն մահմեդական եղբայրների խալիֆ է պատկերացնում: Ուշադրություն դարձրեք նրա վերջին հայտարարություններին Եվրոպայի հասցեին»,-ասել է Իսան:

Քրդերը վերահսկում են Սիրիայի հյուսիս-արևելքում և հյուսիս-արևմուտքում գտնվող տարածքները, որտեղ պայքարում են ահաբեկչական խմբավորումների դեմ: Վերջին շաբաթներին ջոկատները հարձակում են սկսել Ռաքքայի ուղղությամբ: Քրդերին սատարում են ամերիկյան ռազմական խորհրդականներ, ԱՄՆ-ն նաև զենք ու զրահատախենիկա է տրամադրում քրդերին:

Քրդական 2 անկլավի միացմանը Սիրիայի հյուսիսում խանգարում է Թուրքիայի զինվորականները և Սիրիայի ազատ բանակի ջոկատները, որոնք 2016-ի օգոստոսից «Եփրատի վահանը» գործողություն են իրականացնում Սիրիայի հյուսիսում:

Մինչդեռ օրերս հայտնի դարձավ, որ ռուսական կողմն ու քրդական ջոկատները համատեղ պայքարի մասին համաձայնագիր են ստորագրել: Խմբավորման ներկայացուցիչը հայտարարել է, որ համաձայնագիրն ուժի մեջ է մտել մարտի 20-ին: ՌԴ ՊՆ-ն Սիրիայի տարածքում քրդական ինքնապաշտպանական ջոկատների համար ուսումնական կենտրոն կստեղծի: Անկարան հայտարարել է, թե ակնկալում է, որ Մոսկվան քայլեր կձեռնարկի սիրիացի քրդերի՝ «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) գրասենյակը փակելու ուղղությամբ: