28 մարտի 2017 - 16:21 AMT
Նազարյան. ՀՀ բասկետբոլի հավաքականը կմասնակցի ԱԱ ընտրական փուլին Բավցևիչի գլխավորությամբ

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական փուլին կմասնակցի նոր մարզչի` Նիկշա Բավցևիչի գլխավորությամբ: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը նշել է, որ մարզչի ընտրությունը կատարվել է հաշվի առնելով նրա փորձը:

«Նիկշա Բավցևիչը մեծ փորձ ունի և ակումբային, և հավաքականի մակարդակով: Բավական է նշել, որ նրա գլխավորությամբ Խորվաթիայի երիտասարդական հավաքականը Եվրոպայի չեմպիոն է դարձել: Դա շատ լուրջ արդյունք է:

Մարզիչը լավ ծանոթ է հայկական բասկետբոլին: Բավցևիչի գործակալն ազգությամբ հայ Սևակ Կեուչյանն է: Արդեն մեկ տարուց ավելի է Կեուչյանը մեր ֆեդերացիայի հետ անմիջական աշխատում է»,- ասել է Նազարյանը, գրում է Armnoc.am-ը:

Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ մարզիչը բասկետբոլիստների հետ կծանոթանա ամռանը: Հուլիսին ազգային թիմը կսկսի պատրաստվել աշխարհի առաջնության ընտրական փուլին:

«Բավցևիչն անընդհատ կապ է պահում բոլոր խաղացողների հետ: Նա ունի ընդլայնված կազմ, վերջում կկատարի ընտրություն: Մի շարք նոր բասկետբոլիստներ կան, որոնց մարզիչը հետևում է և առաջիկայում կհրապարակի կազմը: Բնականաբար, հավաքականը պայքարելու է խմբից դուրս գալու համար: Ազգային թիմն ամբողջ նախապատրաստական փուլը կանցկացնի Երևանում: Հավաքին կմասնակցի 12-16 բասկետբոլիստ:

Հուլիսին մայրաքաղաքում նախատեսում ենք ընկերական մրցաշար անցկացնել 4 երկրների մասնակցությամբ: Բանակցում ենք մի շարք հավաքականների հետ: Այս պահին մի քանիսը նախնական հաստատել են իրենց մասնակցությունը: Հիմա սպասում ենք վերջնական հաստատմանը: Սա նաև լավ հնարավորություն է երկրպագուների հետ շփման, ինչպես նաև մարզաձևի մասսայականացման համար»,- նշել է Նազարյանը:

Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են` Բոսնիան, Սլովակիան և Շվեդիան: Ընտրական փուլը կմեկնարկի օգոստոսի 2-ին:

Հայաստանի հավաքականի մարզիչն էր Տիգրան Գյոկչյանը: