28 մարտի 2017 - 14:55 AMT
ՀՀ հավաքականի դարպասապահ. Յուրաքանչյուր խաղում պետք է անենք ամենը հաղթանակի համար

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հաղթանակը Ղազախստանի հետ խաղում նաև հայ երկրպագուների շնորհիվ հնարավոր դարձավ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը:

Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության եվրոպական որակավորման E խմբի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը հաղթել է Ղազախստանի ընտրանուն 2:0 հաշվով։ 73-րդ րոպեին Բարսեղյանի փոխանցումից հետո Մխիթարյանը բացեց խաղի հաշիվը, ևս 2 րոպե անց` 75-րդ րոպեին, Արաս Օզբիլիզը կրկնապատկեց այն: Հարձակվող Գևորգ Ղազարյանը լուրջ վնասվածք ստացավ:

«Մեր երկրպագուներն ուղղակի աննկարագրելի էին, նրանք ոչ մի վայրկյան չլռեցին: Նրանք մեզ շատ ոգեշնչեցին և ուժ հաղորդեցին: Նրանց շնորհիվ հաջողվում էր հավատալ, որ ամեն ինչ կստացվի: Շատ բանով մենք նրանց ենք պարտական հաղթանակի համար, այդպիսի երկրպագուների հետ ամեն ինչի կարելի է հասնել»,-ասել է ֆուտբոլիստը, հայտնում է sports.kz-ն:

Բեգլարյանը հույս է հայտնել, որ Հայաստանի հավաքականին կհաջողվի պայքարել 2018-ի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար:

«Կարծում եմ, պետք չէ առաջ անցնել իրադարձություններից՝ դեռ վերջերս մենք անդունդի եզրին էինք, իսկ հիմա 6 միավոր ունենք: Կարծում եմ, որ պետք է աշխատենք յուրաքանչյուր խաղի վրա և ամեն ինչ անենք հաղթանակի համար, քայլ առ քայլ: Իհարկե, հուսով եմ, որ կկարողանանք պայքարել աշխարհի առաջնությանը մասնակցելու համար»,-ասել է նա:

Ըստ դարպասապահի, ամեն ինչ ֆուտբոլիստների ձեռքում է: