28 մարտի 2017 - 15:05 AMT
ՀՀ-ն ու Թուրքմենստանը կընդլայնեն տնտեսական գործակցությունը

Հայ-թուրքմենական երկկողմ հարաբերությունների մակարդակը չի համապատսախանում տնտեսության ոլորտում առկա համագործակցությանը: Այդ մաիսն հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ հանդիպմանը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 28-ին պաշտոնական այցով ժամանել է Թուրքմենստան:

Թուրքմենստանի նախագահը ողջունելով ՀՀ կառավարական պատվիրակությանն Աշխաբադում՝ նշել է, որ վերջին տարիներին հայ-թուրքմենական փոխհարաբերություններն աչքի են ընկնում առաջընթացով և ավելացրել, որ նման պաշտոնական փոխայցերը նպաստում են հարաբերությունների զարգացմանը տարբեր ուղղություններով, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն ընդգծել է, որ Թուրքմենստանը շահագրգռված է և կարևորում է Հայաստանի հետ համագործակցության հետագա զարգացումն ու ամրապնդումն ուղղված փոխշահավետ նախագծերի ու ծրագրերի իրականացմանը տարբեր ոլորտներում: «Մեր ժողովուրդներն ունեն պատմական ջերմ հարաբերություններ ու կապեր: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնական այցը կարող է լավագույնս նպաստել մեր եղբայրական հարաբերությունների հետագա զարգացմանը տնտեսության տարբեր ոլորտներում՝ էներգետիկա, տրանսպորտ, գյուղատնտեսություն, մեքենաշինություն, արդյունաբերություն: Ունենք փոխգործակցության մեծ ներուժ և պատրաստ ենք քննարկել Ձեր առաջարկներն ու գաղափարները», - ասել է Թուրքմենստանի նախագահը:

Բարձր գնահատելով հայ-թուրքմենական երկկողմ հարաբերությունների մակարդակը՝ վարչապետ Կարապետյանը նշել է, որ այն չի համապատսախանում տնտեսության ոլորտում առկա համագործակցությանը: «Այցի նպատակն է հանգամանորեն քննարկել տնտեսական համագործակցության տարբեր հարցեր ու նախագծեր, որոնք թույլ կտան ակտիվացնել տնտեսական փոխգործակցությունը, ավելացնել առևտրաշրջանառության ծավալները՝ օգտագործելով առկա մեծ ներուժը»,- նշել է ՀՀ վարչապետը՝ վստահություն հայտնելով, որ երկու ժողովուրդների բարեկամությունը լավ հիմք է Հայաստանի ու Թուրքմենստանի համագործակցության հետագա զարգացման համար:

Հայաստանի վարչապետը և Թուրքմենստանի նախագահը քննարկել են տնտեսության տարբեր հարցեր: Կարեն Կարապետյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը համոզմունք են հայտնել, որ տնտեսական համագործակցությունը կարող է խթանել երկկողմ առևտրաշրջանառության աճը:

Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն իր աջակցությունն է հայտնել երկու երկրների միջև քննարկվող փոխշահավետ ծրագրերի իրականացմանը: Կողմերը պայմանավորվել են քննարկումները շարունակել ապրիլին՝ Երևանում, աշխատանքային խմբերի մակարդակով: