28 մարտի 2017 - 15:39 AMT
Իրաքի նախագահը հումանիտար աղետ է անվանել այն, ինչ կատարվում է Մոսուլում

Այն, ինչ կատարվում է Մոսուլում, հումանիտար աղետ է, սակայն չի կարելի քաղաքը թողնել ահաբեկիչների ձեռքում: Այդ մասին հայտարարել է Իրաքի նախագահ Ֆուադ Մասումը:

«Անշուշտ, այն, ինչ կատարվում է, հումանիտար աղետ է: Օրինակ, մարդիկ, որոնք 3 տարի առաջ կայուն կյանք ունեին, այժմ անօթևան են մնացել, փախստական են դարձել, ապրում են վրաններում»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ Իրաքի նախագահի, «հումանիտար վիճակը միանշանակ բարդ է, սակայն խելամիտ չի լինի Մոսուլը թողնել ահաբեկիչների ձեռքում, որպեսզի այն ահաբեկիչների ակտիվության վայր դառնա: Դրա դեմ պայքարել է պետք, այդ պայքարն իր գինն ունի»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ իրաքյան Մոսուլում հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել ավիահարվածներից: Իրաքի կառավարությունը հորդորել է նրանց մնալ իրենց տեղերում, չհեռանալ տներից և չգնալ պոտենցիալ ավելի անվտանգ տեղեր:

Պենտագոնը ստուգում է ԱՄՆ ավիահարվածի հետևանքով Մոսուլի 200 բնակչի մահվան լուրը: Հետազոտությունը վերաբերում է այն ավիահարվածներին, որոնք, ենթադրաբար, կարող էին հասցվել մարտի 17-23-ը: