Թուրքմենստանը շահագրգռված է Երևանի օդանավակայանը որպես տարանցիկ գոտի օգտագործելու հարցում: Այդ մասին հայտնի է դարձել Թուրքմենստանի կառավարության անդամների հետ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպման ժամանակ:
Պաշտոնական այցով Թուրքմենստանում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Աշխաբադում հանդիպել է Թուրքմենստանի կառավարության անդամներին՝ նախարարների կաբինետի տեղակալ Դադեբայ Ամանգելդիևի գլխավորությամբ:
Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ հայկական կողմից ներկայացված առաջարկություններն ունեն մեծ հեռանկար ու կարող են խթան դառնալ երկկողմ տնտեսական կապերի հետագա զարգացման ու ամրապնդման համար։
Թուրքմենական կողմը շահագրգռվածություն է հայտնել ակտիվորեն համագործակցել հայկական տարբեր ապրանքների մատակարարման, ավիաչվերթների կազմակերպման, Երևանի օդանավակայանը որպես տրանզիտային գոտի օգտագործելու, ավտոգազալիցքավորման ճնշակայանների կառուցման և այլ ուղղություններով, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
ՀՀ վարչապետը և Թուրքմենստանի նախարարների կաբինետի ղեկավարը կարևորել են էներգետիկայի, տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, ոսկերչության, ավիահաղորդակցության, զբոսաշրջության, ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը, ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ ինտենսիվ աշխատանքը՝ համապատասխան ոլորտների պատասխանատուների մասնակցությամբ:
ՀՀ վարչապետը վերահաստատել է, որ կառուցողական և արդյունավետ բանակցություններ են տեղի ունեցել Թուրքմենստանի նախագահի հետ և հույս հայտնել, որ արդյունքները նոր թափ և որակ կհաղորդեն հետագա հարաբերություններին։
«Քննարկել ենք հայ-թուրքմենական կողմերին հետաքրքրող տարբեր հարցեր: Պետք է փաստեմ, որ մեր հարաբերություններում առկա ներուժի արդյունավետ իրացումը զարգացման մեծ հեռանկարներ ունի», - ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Կողմերն ընդգծել են, որ կառուցողական համագործակցությունը, այդ թվում միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը նոր թափ կհաղորդի հարաբերությունների հետագա խորացմանը: