28 մարտի 2017 - 15:57 AMT
ՕՐՕ. Իրավապահները խոչընդոտում են դաշինքի հանրահավաքի մասնակիցների մուտքը Երևան

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի շտաբը ահազանգ է ստացել Գեղարքունիքի իր համակիրներից, որ իրավապահները թույլ չեն տալիս նրանց գալ Երևան՝ մասնակցելու մարտի 28-ին նախանշված հանրահավաքին։

Մասնավորապես, նախապես պայմանավորվածություն է ձեռք բերված եղել «Գավառ տրանս» ընկերության հետ, որ 9 տրանսպորտային միջոցով ՕՐՕ-համակիրները պետք է շարժվեն Երևան, սակայն, ըստ ահազանգի, ուժային կառույցներից զանգահարել են այդ ընկերության տնօրենին և արգելել տեղաշարժվել։

Ավելի ուշ, Ժառանգություն կուսակցության Լոռու մարզի պատասխանատու Գառնիկ Սահակյանը ահազանգել է, որ Սպիտակ հասնելուն պես իրենց վարորդներին զանգահարել են Ոստիկանության լոռու մարզային վարչությունից և հրահանգել ետ վերադառնալ և չտեղափոխել մարդկանց Երևան: Այս պահին մեքենաները կանգնած են Սպիտակի մատույցներում, իսկ դեպքի կապակցությամբ դաշինքի շտաբը տեղեկացրել է ԵԱՀԿ դիտորդներին, որոնք շտապում են դեպքի վայր:

Դաշինքը տեղեկացնում է, որ գյումրիում Երևան ուղևորվող ավտոբուսների վարորդներից ոստիկանները վերցրել են հեռախոսների համարները և գրանցել են մեքենաների պետհամարանիշները՝ նրանց վրա ճնշում գործադրելու ակնհայտը միտմամբ, ինչը, սակայն ազդեցություն չի ունեցել և Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի համակիրները այժմ ուղևորվում են դեպի Երևան:

Մարտի 28-ին՝ ժամը 18։00-ին, Ազատության հրապարակում տեղի է ունենալու «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի հանրահավաքը, որին հաջորդելու է երթը՝ Ազատության հրապարակ-Սայաթ-Նովա պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ երթուղիով։