28 մարտի 2017 - 17:26 AMT
Կարապի լճի տարածքը բարեկարգվում է և կանաչապատվում

Մեկնարկել են Կարապի լճի շրջակա տարածքի բարեկարգման և կանաչապատման աշխատանքները:

9740 քմ տարածք զբաղեցնող մայրաքաղաքի հանգստի այս գոտում, որից 2545 քմ-ն լճի մակերեսն է, նախատեսված է առաջնահերթորեն բարեկարգել մայթերն ու ճեմուղիները: Դրանք կերեսապատվեն գեղարվեստական ձևավոր բետոնե սալիկներով:

Տարածքում կկառուցվեն նաև բազալտե աստիճաններ: Մայրաքաղաքի բնակիչների և քաղաքի հյուրերի հանգիստը տվյալ վայրում լիարժեք ու հարմարավետ դարձնելու նպատակով կնորոգվեն բազալտե նստարանները, կտեղադրվեն նորերը, ինչպես նաև՝ նոր աղբամաններ, իսկ մալուխները կանցկացվեն ստորգետնյա եղանակով՝ հատուկ խրամուղային խողովակներով:

Կարապի լճի հարակից տարածքի կանաչապատման ընթացքում կճմապատվի 107 քմ, կտնկվի 80 թուփ: Առաջիկայում հանգստի գոտին շահագործման կհանձնվի ամբողջությամբ՝ այցելուներին ներկայանալով նորովի և առավել հարմարավետ պայմաններով: