28 մարտի 2017 - 17:42 AMT
Թուրքիայում նախկին հայկական թաղամասը տուրիզմի կենտրոնի են վերածելու

Թուրքիայի Սամսուն քաղաքի ներկայում Սելահիյե կոչվող նախկին հայկական թաղամասը նախատեսվում է զբոսաշրջության կենտրոն դարձնել:

Սելահիյեյի թաղապետը հայտարարել է, որ քաղաքային իշխանությունները նախագիծն իրականացնելու նպատակով որոշում են կայացրել վերականգնել թաղամասի լքված հին տները: Այդ տները պատկանել են ցեղասպանությունից առաջ այդտեղ ապրած հայերին, իսկ թաղամասի` մինչ այժմ էլ ժողովրդի շրջանում «Հայկական թաղամաս» անվանումը Սելահիյե է փոխվել միայն հանրապետական շրջանում:

«Սամսունի քաղաքապետ Յուսուֆ Զիյա Յըլմազի կարգադրությամբ Սաֆրանբոլուի և Ամասիայի օրինակով հայերի լքված տները կվերականգնվեն և կօգտագործվեն զբոսաշրջային նպատակներով, թուրքական Samsunkenthaber.com-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Սելահիյեյի համայնքապետ Դերյա Բոզքուրթը նշել է, որ Սամսունի ամենաբանուկ «100-րդ տարվա ծառուղի» պողոտայի շրջակայքում բազմաթիվ հայկական տներ կան, որոնք անխնամության պատճառով փլուզման եզրին են հայտնվել:

«1900-ականների սկզբում Սամսունում ապրել են հայեր, հույներ ու մուսուլմաններ: Սելահիյեն հայկական թաղամաս էր: 30 Ağustos İmam-Hatip դպրոցի տարածքում հայկական եկեղեցի, որբանոց և հոգևորականի կացարան է եղել: Պատրաստվող նախագիծով վերականգնվելու են այդ տները, և մեր թաղամասում զբոսաշրջային փողոց է հիմնվելու: Նախագծի համար անհրաժեշտ աշխատանքներն արդեն սկսվել են»,- ասել է Բոզթուրքը:

Նախքան Հայոց ցեղասպանությունը, Սամսունում ապրել է 15.000 հայ, մեծ մասը՝ հայկական թաղամասում: