28 մարտի 2017 - 17:41 AMT
Բաքուն բողոքել է Իրանին Արցախում այդ երկրի երաժիշտների ելույթի դեմ

Բաքուն բողոքել է Իրանին Արցախում այդ երկրի երաժիշտների ելույթի դեմ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարար Աբուլֆազ Գարաևը՝ անդրադառնալով իրանցի երաժիշտ Մեյսամ Հոդրաթի ելույթին Լեռնային Ղարաբաղում:

Նախարարը հայտարարել է, որ միջադեպի կապակցությամբ բողոքի նամակ է ուղարկվել Իրանի համապատասխան մարմիններին, հայտնում է Haqqin.az-ը:

«Մենք հայտնել ենք մեր դժգոհությունը: Այսօր ես նամակ եմ ստորագրել՝ հասցեագրված Իրանի համապատասխան պետական մարմիններին և ԱԳՆ-ին»,-ասել է Գարաևը:

Մարտի 27-ին Արցախում համերգային ծրագրով հանդես է եկել իրանցի երաժիշտ Մեյսամ Հոդրաթը: Համերգին մասնակցել են նաև ֆլեյտահար Արտաշես Գրիգորյանը, նույնպես Իրանից, և դաշնակահարուհի Մարինա Բարխուդարյանը:

Ադրբեջանի ԱԳՆ սև ցուցակում հարյուրավոր անձինք կան, որոնք այցելել են Արցախ, այդ թվում մշակույթի հայտնի գործիչներ, որոնք ելույթ են ունեցել այնտեղ: Ցուցակում այնպիսի հռչակավոր դեմքեր են ընդգրկված, ինչպես, օրինակ, օպերային արվեստի համաշխարհային աստղ Մոնսերատ Կաբալյեն և հայտնի օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան: