28 մարտի 2017 - 18:57 AMT
Շիրխանյանի առողջական վիճակը պարզելու նպատակով դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել

Հաշվի առնելով ամբաստանյալ Վահան Շիրխանյանի առողջական վիճակի և դատական նիստերին նրա չներկայանալու վերաբերյալ վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումները, ՀՀ Գլխավոր դատախազությունը պարզաբանում է, որ Շիրխանյանին տրամադրվել և շարունակվում է տրամադրվել բուժօգնություն և սպասարկում ինչպես ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության, այնպես էլ իր կողմից հրավիրված բժիշկ-մասնագետների կողմից, այդ թվում՝ քաղաքացական բուժհաստատություններում:

Պաշտպանության նախկին փոխնախարարը մեղադրվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված «Նորք Մարաշի» հանցավոր գործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ: Նա կալանքի տակ է դեկտեմբերի 19-ից:

Դեռևս նախաքննության ընթացքում Շիրխանյանի առողջական վիճակը և նրան պատշաճ բժշկական օգնություն ցույց տալու հանգամանքները պարզելու նպատակով վարույթն իրականացնող մարմնի կողմից նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն: Համաձայն նշված փորձաքննության եզրակացության՝ Շիրխանյանի առողջական վիճակը եղել է բավարար, իսկ ստացված բժշկական օգնությունը՝ ճիշտ և ժամանակին:

Շիրխանյանի առողջական վիճակը գնահատելու և բուժման հետագա տակտիկան որոշելու համար կազմակերպվել է բժշկական կոնսիլիում՝ հանրապետության առաջատար բժիշկ-մասնագետների մասնակցությամբ, բազմիցս խորհրդակցություններ և հետազոտություններ են անցկացվել՝ այդ թվում Վ. Շիրխանյանի հարազատների կողմից հրավիրված մասնագետների կողմից:

Քրեական գործի դատական քննության ընթացքում «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից դատարան ուղարկված փաստաթղթերի համաձայն՝ Վահան Շիրխանյանը գտնվում է բավարար առողջական վիճակում, կարող է ինքնուրույն տեղաշարժվել և վերջինիս պատգարակով դատարան տեղափոխելու անհրաժեշտությունը բացակայում է:

2017 թ.-ի հունվար-փետրվար ամիսների ընթացքում Վ. Շիրխանյանը հրաժարվել է ինչպես նշանակված դեղորայքի մի մասի ընդունումից, այնպես էլ հրաժարվել է քրեակատարողական հիմնարկ այցելած սրտաբանի, նյարդաբանի և թերապևտի կազմակերպած խորհրդատվություններից և հետազոտումներից:

2017-ի փետրվարի 23-ից Շիրխանյանը գտնվել է քաղաքացիական հիվանդանոցում՝ «Էրեբունի» ԲԿ-ում, որտեղից, ստացիոնար բուժման անհրաժեշտություն չլինելու պատճառով մարտի 3-ին դուրս է գրվել և վերջինիս նկատմամբ նշանակվել է նեղ մասնագետների հսկողություն:

Այնուամենայնիվ, պատճառաբանելով իր առողջական վիճակը, Վ. Շիրխանյանը նշանակված 7 դատական նիստի չի ներկայացել՝ պահանջելով իրեն դատարան տեղափոխել պատգարակով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ ներկայացված փաստաթղթերում առկա հետևությունների արժանահավատությունը վիճարկելու պայմաններում դրանց ստուգումը, ինչպես նաև Շիրխանյանի՝ դատական քննության ներկայանալու անհնարինության վերաբերյալ նրա պաշտպանի ներկայացրած պատճառաբանությունները կարող են հերքվել կամ հաստատվել բացառապես դատաբժշկական փորձաքննության միջոցով, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Շիրխանյանի դատաքննության չներկայանալու արդյունքում խախտվում է տվյալ գործում ներգրավված այլ ամբաստանյալների՝ ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքը, իսկ Շիրխանյանի պաշտպանը, ի հիմնավորումն իր պաշտպանյալի բացակայության վերաբերյալ արված հայտարարությունների, փորձաքննություն նշանակելու միջնորդություն չի ներկայացնում, մեղադրող դատախազն ինքը միջնորդել է նշանակել դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու համար Շիրխանյանի՝ դատարան ներկայանալու, դատական նիստերին մասնակցելու հնարավորությունը:

Ամբաստանյալների պաշտպաններից գրեթե ոչ ոք չի միացել միջնորդությանը, իսկ որոշներն առարկել են դրա դեմ:

Դատարանի կողմից 2017 թվականի մարտի 17-ի որոշմամբ մեղադրողի միջնորդությունը բավարարվել է՝ հիմք ընդունելով տվյալ գործում ներգրավված դատավարության մասնակիցների իրավունքների պաշտպանության և դատավարության բնականոն ընթացքն ապահովելու անհրաժեշտությունը: