29 մարտի 2017 - 08:42 AMT
ՄԻԵԴ-ն ապրիլին ԼՂ-ում Ադրբեջանի վայրագությունների մասին 23 հայց է ընդունել

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը 23 հայց է ընդունել ապրիլին Ղարաբաղում Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԼՂՀ վարչապետի խոսնակ Արտակ Բեգլարյանը՝ «Լավ լուր» վերնագրելով այն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իրավաբան-իրավապաշտպանների խումբը Մարդու իրավունքների եվրոպական դատարան էր ներկայացրել 2016 թվականի ապրիլի 2-5-ը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով սկսված մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչության և զինծառայողների իրավունքների խախտումների առնչությամբ մի խումբ գանգատներ:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ:

Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: Սակայն ադրբեջանական կողմը շարունակում է գնդակոծել ինչպես ղարաբաղյան, այնպես էլ ՀՀ դիրքերը:Ապրիլին լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմը կրել է 78 մարտական կորուստ, 120-ից ավելին վիրավորվել է: