29 մարտի 2017 - 11:01 AMT
Լոնդոնը պաշտոնապես հայտարարել է Brexit-ի մեկնարկի մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ստորագրել է ԵՄ-ին հասցեագրված նամակը Brexit-ի մեկնարկի մասին:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ մարտի 29-ին Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարելու է Եվրամիության կազմից երկրի դուրս գալու գործընթացը սկսելու մասին:

Մեծ Բրիտանիայի կառավարության մամուլի ծառայությունը լուսանկար է հրապարակել, որտեղ Մեյը ստորագրում է Brexit-ի մեկնարկի մասին Բրյուսելին իրազեկող նամակը: Նամակը Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկին կփոխանցի անձամբ Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Թիմ Բարրոուն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

2016-ի հունիսին հանրաքվեի ժամանակ Բրիտանիայի բնակիչների մեծամասնությունը` 51,9%-ը կողմ է արտահայտվել ԵՄ-ից դուրս գալուն:

2017-ի փետրվարի սկզբին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց օրինագծին, որը թույլ է տալիս վարչապետ Թերեզա Մեյին գործարկել ԵՄ-ից դուրս գալու գործընթացը: Դրանից մի քանի ժամ անց հրապարակվել է Brexit-ի ծրագիրը: