21 ապրիլի 2017 - 10:57 AMT
Մխիթարյան. ՄՅՈւ-ն ևս մեկ քայլ արեց դեպի Եվրոպայի լիգայի եզրափակիչ

«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է բելգիացիների հետ խաղի արդյունքները:

Հայ կիսապաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին գոլի հեղինակն է դարձել Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում բելգիական «Անդերլեհտի» հետ խաղում:

Խաղն ավարտվել է 2:1 հաշվով «կարմիր սատանաների» հաղթանակով: Հաղթական գոլը 107-րդ րոպեին խփել է Մարկուս Ռաշֆորդը:

«Այ թե խաղ էր: Մենք ևս մեկ քայլ արեցինք դեպի Եվրոպայի լիգայի եզրափակիչ: Շատ ուրախ եմ, որ մենք հաղթեցինք, շատ ուրախ եմ, որ գոլ խփեցի: Իսկ Մարկուս Ռաշֆորդի գոլն ուղղակի հիասքանչ էր»,-գրել է Մխիթարյանը Twitter-ի իր միկրոբլոգում:

Հաղթանակը Եվրոպայի լիգայում նաև հնարավորություն կտա «կարմիր սատանաներին» մասնակցել Չեմպիոնների լիգայի 2017/18 խաղաշրջանին, եթե թիմին չհաջողվի անհրաժեշտ որակավորումը ստանալ Անգլիայի առաջնության արդյունքներով: