22 ապրիլի 2017 - 09:40 AMT
ԱՄՆ Վայոմինգ նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Վայոմինգը դարձել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ 45-րդ նահանգը: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևմտյան տարածաշրջանի գրասենյակը:

«Թե՛ Հայոց, և թե՛ Հրեական ցեղասպանությունների վայրագությունները աներևեկայելի էին», - ասել է Վայոմինգի նահանգապետ Մեթյու Միդը՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևմտյան տարածաշրջանի գրասենյակին ուղղված նամակում՝ դրանով իսկ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը և այն հավասարեցնելով Հրեաների ողջակիզմանը։

«Կարևոր է, որպեսզի բոլորը հասկանան՝ պատմության կրկնությունը անթույլատրելի է», - շեշտել է նահանգապետը՝ զորակցություն հայտնելով հայ համայնքին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան ընդառաջ։

Հայ դատի հանձնախմբի Արևմտյան տարածաշրջանի ղեկավար Նորա Հովսեփյանը ողջունել է նահանգապետի հայտարարությունը. «Շնորհակալություն ենք հայտնում Վայոմինգի նահանգապետին պատմական ճշմարտության կողքին կանգնելու և իր ձայնը Հայոց ցեղասպանության ճանաչման և հիշատակի կոչերին միացնելու համար»։

Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությունում նշված է, որ Վայոմինգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում կարևոր դեր են խաղացել կազմակերպության ներկայացուցիչները, ովքեր այս տարի ավելի վաղ հանդիպել են նահանգապետի հետ, ինչի մասին Մեթյու Միդը ևս հիշատակել է իր նամակում։

Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրեքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասսայական կոտորածները` որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: