28 ապրիլի 2017 - 15:38 AMT
ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները Մոսկվայում պայմանավորվել են շարունակել շփումները

Ապրիլի 28-ին Մոսկվայում, ռուսական կողմի նախաձեռնությամբ, կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի աշխատանքային հանդիպումը:

Հանդիպմանը շարունակվել են քննարկումները ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ: Ընդգծվել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում 2016թ. ապրիլին և հունիսին կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը:

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները երախտագիտություն են հայտնել Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարին՝ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանն աջակցելուն ուղղված շարունակական ջանքերի համար: Նախարարները պայմանավորվել են շարունակել շփումները քննարկված բոլոր հարցերի առնչությամբ, ասվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախարարների եռակողմ հանդիպումից հետո նրանց միացել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի դեսպանները, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։ Կայացել է մտքերի փոխանակում՝ ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար: