29 ապրիլի 2017 - 11:25 AMT
Երևանաբնակ զինվորների ծնողները կտեսակցեն սահմանին ծառայող որդիներին

Երևանաբնակ մոտ 1700 ժամկետային զինծառայողի ծնողներ հնարավորություն են ստացել այցելելու սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին:

«Մեր նախաձեռնությամբ իրականացվող ամենատարբեր ծրագրերի շարքում առանձնակի կարևոր տեղ են զբաղեցնում բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված ծրագրերը։ Բացի սոցիալականից, սա նաև կարևոր նշանակություն ունի այն առումով, որ մեր զինվորը հստակ տեսնում է, որ հայրենիքը, հարազատ քաղաքը, որի պաշտպանության համար ծառայում է, իր հետ է, իր կողքին:»,- նշել է Տարոն Մարգարյանը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ պաշտպանության նախարարությանը, Արցախի պաշտպանության բանակին, նաև Ստեփանակերտի քաղաքապետին, ովքեր իրենց աջակցությունն են ցուցաբերում ծրագրի իրականացմանը:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ իր հերթին կարևորելով ծրագրի կյանքի կոչումը, նկատել է, որ այն անհրաժեշտ է առաջին հերթին առաջնագծում ծառայող զինվորներին, ովքեր ծնողների հետ հանդիպումից հետո ավելի վստահ են դառնում, հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

2013-ից մեկնարկած սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս ծրագրի շնորհիվ երևանաբնակ ավելի քան 9000 ծնողներ արդեն հնարավորություն են ունեցել այցելելու իրենց զավակներին ու տեղերում ծանոթանալու նրանց ծառայության պայմաններին: Նախաձեռնության հանդեպ երևանցիների հետաքրքրությունն ու ծրագրին ակտիվ մասնակցությունը մեկ անգամ ևս փաստում են, որ այն իսկապես սպասված էր ու անհրաժեշտ: