29 ապրիլի 2017 - 13:57 AMT
Բաքուն փորձում է փակել վերջին համեմատաբար անկախ ԶԼՄ-ների կայքերը

Ադրբեջանում փորձում են փակել վերջին համեմատաբար անկախ ԶԼՄ-ների կայքերը: «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան» ռադիոկայանի (RFE/RL) ադրբեջանական ծառայության, «Ազադլիգ» թերթի և Մեյդան ՏՎ կայքերի արգելափակման վերաբերյալ դատական լսումներն Ադրբեջանում չեն կայացել, սակայն դա միայն ժամանակի հարց է:

Կայքերը մեղադրվում են «ապօրինի ծայրահեղական կրոնական խմբերի գործունեությանն աջակցելու և այլ հակաիրավական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի սահմանադրությունը փոխելու կոչերի, սոցիալական կայունության խարխլմանն ուղղված գործողությունների մեջ»:

Գլխավոր դատախազությունն առաջարկել է տրանսպորտի և կապի նախարարությանը դատարանի միջոցով հասնել այդ կայքերի արգելափակմանը, իսկ նախարարությունն այդ գործը հանձնարարել է Էլեկտրոնային անվտանգության կենտրոնին, գրում է BBC-ին:

Լսումը հետաձգվել էր մինչև մայիսի 1-ը դատավարական գործընթացի խախտումների պատճառով:

Ադրբեջանում սա կայքերի արգելափակման առաջին փորձը չէ: ԱՄՆ հեռարձակման կառավարիչ խորհուրդը զեկույց է հրապարակել այն մասին, թե ինչպես երկրի խոշորագույն ինտերնետ պրովայդերներից մեկն արգելափակում է RFE/RL ադրբեջանական ծառայության կայքը:

RFE/RL նախագահ Թոմաս Քենթն արգելափակումն անվանել է «Ադրբեջանի իշխանությունների աղաղակող չարաշահում»:

Մինչդեռ Ադրբեջանի իշխանությունները հայտարարում են, թե չեն արգելափակում ինտերնետ ռեսուրսները:

Azadliq Radio և Voice of America (VOA)-ի ադրբեջանական ծառայությունները հայտարարել են, որ իրենց կայքերն արգելափակված են եղել 2016-ի դեկտեմբերի 8-24-ը: «Ազադլիգ» թերթի և Մեյդան ՏՎ-ն պնդում են, որ արգելափակված են եղել 2016-ի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը:

2014-ի դեկտեմբերի 26-ին ոստիկանության ու դատախազության աշխատակիցները խուզարկություն են անցկացրել «Ազադլիգ» ռադիոկայանում, որն «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի բաժանմունքն է: Դիտորդների ու ռադիոկայանի աշխատակիցների կարծիքով՝ այդ լրատվամիջոցի հանդեպ հետապնդումը պայմանավորված է դրա իրականացրած հետաքննություններով՝ մասնավորապես իշխող ընտանիքի կոռուպցիոն կապերի մասին, որոնք իրականացրել էր ռադիոկայանի արդեն ազատազրկված թղթակից Խադիջա Իսմայիլովան։

Ավելի վաղ փակվեց ադրբեջանական անկախ ինտերնետ-հեռուստատեսության Meydan-TV Բաքվի բյուրոն: Meydan-TV-ի ղեկավարությունը հիմնավորել է այդ քայլը խոսքի ազատության բացակայությամբ Ադրբեջանում և իր աշխատակիցների անվտանգությունն ապահովելու անկարողությամբ: Հեռուստաալիքը պարբերաբար լուսաբանել է կոռուպցիոն գործարքները կառավարությունում և Ադրբեջանի ուժային կառուցյներում և մարդու իրավունքների սիստեմատիկ խախտումները երկրում:

Ադրբեջանի ցուցանիշը ԶԼՄ-ների ազատության վարկանիշերում տարեցտարի նվազում են: .