Հայ-քրդական երկխոսության հանձնաժողով է ստեղծվել, որի նպատակը միջքրդական և հայ-քրդական երկխոսության գործընթացը կազմակերպելն է:
«Դրա նպատակն է իրականացնել միասնական պայքար Փոքր Ասիայի բոլոր ժողովուրդների իրավունքների պաշտպանության համար և հաստատել արդարության և օրենքի գերակայություն մեր ընդհանուր հայրենիքում ընդհանուր ապագայի համար»,- ասված է հայ-քրդական երկխոսության հանձնաժողովի տարածած հաղորդագրության տեքստում, որը ներկայացնում է Arevelk.am-ը:
Հանձնաժողովի ստեղծման մասին հայտարարության տեքստում հիշատակվում է այն մասին, որ «1915-1923 թվականներին թուրքական իշխանությունների կողմից իրականացված ցեղասպանությունը հանգեցրել է աղետալի կորուստների հայերի, ասորիների-արամեացիների, հույների և Փոքր Ասիայի այլ` ոչ թուրքական ծագմամբ ժողովուրդների համար, չկանխված և չպատժված ցեղասպանությունը հանգեցրեց Թուրքիայում քրդական բնակչության հենց նույն ցեղասպանական քաղաքականության հետ առերեսման»:
Աշխարհում ապրում է մոտ 40 մլն քուրդ. մոտ 20 մլն` Թուրքիայում, 9 մլն` Իրանում, 6 մլն` Իրաքում, 3 մլն` Սիրիայում (մինչև քաղաքացիական պատերազմի սկիզբը), մյուսները ցրված են այլ վայրերում: Գործնականում բոլոր եվրոպական երկրներում քրդական համայնք կա: Ամենամեծ համայնքը` 1 մլն մարդ, գրանցված է Գերմանիայում:
Քրդերը Հայաստանի ամենամեծ էթնիկ փոքրամասնությունն են: Սովետական տարիներին Հայաստանում բնակվում էին մոտ 80.000 քուրդ, այժմ նրանց թիվը կիսով չափ պակաս է: