29 ապրիլի 2017 - 14:36 AMT
Նախագահն ու Հորդանանի արքայադուստրը կարևորել են ՀՀ-ում քաղցկեղի դեմ պայքարի ազգային ծրագրի մշակումը

Քաղցկեղի վերահսկման միջազգային միությունը և շահագրգիռ այլ կազմակերպություններ պատրաստ կլինեն աջակցություն ցուցաբերել Հայաստանին քաղցկեղի դեմ պայքարի ազգային ծրագրի մշակման գործում: Այդ մասին հայտարարել է Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նախագահ, Հորդանանի արքայադուստր Դինա Միրեդը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը:

Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նախագահ, Հորդանանի արքայադուստր Դինա Միրեդին, որը Հայաստան է ժամանել Երևանի պետական բժշկական համալսարանի հրավերով՝ մասնակցելու ԵՊԲՀ-ի և Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված «Քաղցկեղը վերապրածների կոնգրեսին»:

Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ արքայադուստր Դինա Միրեդը իր անձնական փորձով, ինչպես նաև ի պաշտոնե՝ որպես Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նախագահ, կարևոր դերակատարություն կունենա քաղցկեղի կանխարգելման և ուռուցքաբանության բնագավառում Հայաստանի հետ համագործակցության հաստատման ու զարգացման գործում։

Որպես Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նորընտիր նախագահ՝ Դինա Միրեդը ներկայացրել է Հայաստան իր այցի հիմնական նպատակը, խոսել իր գլխավորած կազմակերպության գործունեության ու ծրագրերի մասին և Հանրապետության նախագահի հետ քննարկել Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարի գործում հաջողության հասնելու հնարավարոթյուններն ու ուղիները: Զրուցակիցները երկուստեք կարևորել են այդ նպատակով ազգային ծրագրի մշակումը, որի իրագործմանը, արքայադուստր Միրեդի հավաստմամբ, Քաղցկեղի վերահսկման միջազգային միությունը և շահագրգիռ այլ կազմակերպություններ պատրաստ կլինեն աջակցություն ցուցաբերել:

Հորդանանի արքայադուստրը զրույցի ընթացքում ընդգծել է նաև քաղցկեղածին ազդեցություն ունեցող երևույթներից մեկի՝ ծխելու դեմ պայքարի անհրաժեշտությունը՝ ողջունելով վերջին տարիներին այդ ուղղությամբ Հայաստանում իրականացվող աշխատանքը և խնդրել է հետևողականորեն շարունակել պայքարը առողջության համար չափազանց վտանգավոր այդ երևույթի դեմ:

Հանդիպմանը նախագահ Սարգսյանը ջերմությամբ է հիշել 2014 թվականին Հորդանան կատարած իր պաշտոնական այցը՝ ընդգծելով, որ Հայաստանը շահագրգռված է Հորդանանի հետ ակտիվացնելու քաղաքական երկխոսությունն ու ամրապնդելու երկկողմ հարաբերությունները:

Հորդանանի արքայադուստր Դինա Միրեդը շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար և նշել, որ անչափ ուրախ է գտնվել հիասքանչ Հայաստանում, որի մասին շատ է լսել իր երկրում, որտեղ հայկական մեծ և հասարակության կողմից հարգանք ու վստահություն վայելող համայնք կա:

Հորդանանի արքայադուստրն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ է դրել անմար կրակի մոտ՝ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: