16 մայիսի 2017 - 15:35 AMT
ՀՀ-ում կհիշեն ԶԻԱՀ-ից մահացած մարդկանց. Նպատակը կարծրատիպեր կոտրելն է

Մայիսի 21-ին՝ ՁԻԱՀ-ից մահացած անձանց հիշատակի օրը, «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ն կմիանա միջազգային International AIDS Candlelight Memorial (www.candlelightmemorial.org) կազմակերպության նախաձեռնությանը:

Ակցիայի ընթացքում Հյուսիսային պողոտայում կանցկացվի «Միավորվենք՝ վերջ դնելու ՄԻԱՎ-ի համաճարակին» խորագրով հանրային միջոցառում: Միջոցառումը նպատակ ունի հասարակության շրջանում խրախուսել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելը, փոխել հետազոտման հետ կապված կարծրատիպերը, ինչպես նաև ամրապնդել այն դիրքորոշումը, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը կարևոր է սեփական առողջությունը պահպանելու և վարակի փոխանցումը կանխելու տեսանկյունից:

«Դրական մարդկանց հայկական ցանց» հասարակական կազմակերպությունը ավելի քան 10 տարի զբաղվում է տուբերկուլոզով, հեպատիտներով և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կյանքի որակի բարելավման, առկա խնդիրների կանխարգելման և բուժման հասանելիության ապահովման հարցերով:

Երևանի քաղաքապետարանի և ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի աջակցությամբ, միջոցառման ընթացքում անցորդներին կընձեռվի ՄԻԱՎ վարակի վերաբերյալ նախա/հետթեստային խորհրդատվությամբ ուղեկցվող արագ թեստավորում անցնելու հնարավորություն: Ակցիայի ընթացքում անցորդներին նաև կբաժանվեն նպատակային տեղեկատվությամբ բրոշյուրներ և լիֆլետներ: Ակցիայի շրջանակներում հանրությունը կիրազեկվի ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի առկա իրավիճակի, անվճար բուժման հասանելիության, և հասարակությունում շրջանառվող թյուր և խտրական հետևանքների մասին:

Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ-ում իրենց դիվանագիտական առաքելությունն իրականացնող անձինք, ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, միջազգային և տեղական ՀԿ-ների, թիրախային կառույցների հավատարմատարներ:

Մայիսի երրորդ կիրակին ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի միջազգային օրն է:

ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի օրն առաջին անգամ նշվել է 1983թ. Սան Ֆրանցիսկո քաղաքում:

Այդ օրը միլիոնավոր մարդիկ հիշում են ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց, նաև արտահայտում են իրենց համերաշխությունը ՄԻԱՎ-ով ապրողներին: ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի միջազգային օրվա շրջանակներում ողջ աշխարհում անցկացվում են միջոցառումներ, որոնք ուղղված են հասարակության, կառավարությունների ուշադրությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրների վրա սևեռելուն: Այդպիսի միջոցառումներից են մոմավառությունը և «Քվիլթը»: