18 մայիսի 2017 - 16:44 AMT
Արա Բաբլոյանը՝ ԱԺ նախագահ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում է ընտրվել ՀՀԿ-ից առաջադրված Արա Բաբլոյանը:

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված 6-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստում Բաբլոյանի օգտին 88 պատգամավոր է քվեարկել, դեմ է եղել 12 պատգամավոր:

Նորընտիր ԱԺ-ն ունի 105 պատգամավոր՝ 58-ը ՀՀԿ-ից, 31-ը՝ «Ծառուկյան» դաշինքից, 9-ը՝ ԵԼՔ դաշինքից, 7-ը՝ ՀՅԴ կուսակցությունից:

Արա Բաբլոյանը ծնվել է 1947-ին Երևանում, հայ մանկական վիրաբույժ-ուրոլոգ է։ Բժշկական գիտությունների դոկտոր (1987), պրոֆեսոր (1989)։

2007-ի մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, 2007-ի հունիսի 7-ին ընտրվել է Ազգային ժողովի առողջապահության, սոցիալական և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

2012-ի մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, 2012-ի մայիսի 31-ին վերընտրվել է Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Հեղինակ է 3 գյուտի, 4 մենագրության, 160-ից ավելի գիտական հոդվածների։

Կարդացեք նաև՝ ԵԼՔ-ը բոյկոտել է նախագահի ելույթն ԱԺ առաջին նիստում