22 մայիսի 2017 - 17:56 AMT
ՔԿ. Քաղաքացուն առևանգելու կասկածանքով 5 անձ է ձերբակալվել

Քաղաքացուն առևանգելու կասկածանքով 5 անձ է ձերբակալվել: Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Ա. Վիրաբյանի առևանգման դեպքի հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը։

Մայիսի 19-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը ժամը 17-ի սահմաններում Երևանի Պարոնյան փողոցից առևանգել են 34-ամյա քաղաքացուն: «Նախնական տվյալներով՝ երիտասարդ տղամարդուն խաբեությամբ և սպառնալիքով Երևան քաղաքի Պարոնյան փողոցի 28/1 շենքի բակից նստեցրել են ավտոմեքենան, ձեռնաշղթաներ անցկացրել ձեռքերին և նրա կամքին հակառակ տեղափոխել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող գերեզմանատուն, որտեղ բռնություն են գործադրել նրա նկատմամբ և զենքի սպառնալիքի ներքո պահանջել կանխիկ գումար։ Տղամարդուն ազատ են արձակել ժամը 21:30-ի սահմաններում:

Դեպքի առթիվ գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 7 կետերի հատկանիշներով` «մարդուն առևանգելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, շահադիտական դրդումներով»: Վիրաբյանը ճանաչվել է տուժող:

Քաղաքացուն առևանգելու կասկածանքով մայիսի 20-ին 5 անձ ձերբակալվել է, ասվում է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:

Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, հարցաքննվել են բազմաթիվ անձինք, կատարվել առերես հարցաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: