23 մայիսի 2017 - 09:31 AMT
«Վարդատոն-2017-ը» կանցկացվի մայիսի 28-ին

Սայաթ-Նովայի հիշատակին նվիրված «Վարդատոն-2017-ը» կանցկացվի մայիսի 28-ին Թբիլիսիում:

Ավանդական «Վարդատոնը» կազմակերպում է «Վիրահայերի Միությունը» Թբիլիսիի քաղաքապետարանի, Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարությունների, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի և Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ, հաղորդում է Aliq.ge-ն:

Համերգային ծրագրին մասնակցելու են ՀՀ հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը, գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյան, Թբիլիսիի «Ջեյրան», «Վանք», «Անի» և «Մուշ» պարային համույթները, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի թատերական խումբը:

Վարդատոնն առաջին անգամ տոնել են 1914-ին Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի, Գևորգ Բաշինջաղյանի և Իոսեբ Գրիշաշվիլու նախաձեռնությամբ: Ավանդաբար ամեն տարի Թբիլիսիում մայիս ամսվա վերջին կիրակին նշվում է որպես Սայաթ-Նովայի հիշատակի օր՝ «Վարդատոն»:

Սայաթ-Նովան (Հարություն Սայադյան) հայ միջնադարյան քնարերգության վերջին խոշոր ներկայացուցիչն է: Նա ծնվել է Թիֆլիսում 1722 թվականին: Վաղ հասակից զբաղվել է ջուլհակությամբ, ապա բուռն սեր դրսևորելով աշուղական արվեստի նկատմամբ՝ ամբողջովին նվիրվել է բանաստեղծությանը, երգին ու երաժշտությանը: