23 մայիսի 2017 - 10:36 AMT
Թրամփը Երուսաղեմում հայկական շարականներ է ունկնդրել

Մայիսի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տիկնոջ հետ այցելել է Սբ Հարության տաճար և հանդիպել Հայ առաքելական, Հույն ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների հոգևոր հայրերի հետ:

Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանության քահանա Հովնան Բաղդասարյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ տաճարի բակում Թրամփին և իր տիկնոջը դիմավորել են Հունաց Պատրիարքը, Ս. Երկրի Քուստոսը և Լուսարարապետ Տ. Սևան Արք. Ղարիպեանը, իսկ տաճարի մուտքի մոտ հյուրերին դիմավորել են հույն, կաթոլիկ և հայ տեսուչները:

Հայկական բաժնի այցելության ընթացքում Թրամփը և առաջին տիկինը Ժառանգավորաց վարժարանի երգչախմբի կատարմամբ հայկական շարականներ են ունկնդրել, ինչից հետո Լուսարարապետ Սրբազանը պատմել է Հայ Եկեղեցու և Հայ ժողովրդի մասին:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության գծով օգնական, գեներալ Հերբերտ Մաքմասթերը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահը փորձում է միավորել հուդայականներին, մահմեդականներին և քրիստոնյաներին ահաբեկչության դեմ պայքարում: