23 մայիսի 2017 - 12:11 AMT
Լոս Անջելեսի առևտրի պալատը չեղարկել է Թուրքիայի հետ գործարար համաժողովը

Լոս Անջելեսի առևտրի պալատը մայիսի 22-ին հայտարարել է Լոս Անջելես-Թուրքիա գործարար համաժողովի չեղարկման մասին, որը պետք է կայանար մայիսի 25-ին:

Թուրքիայի ամենանշանավոր 12 ընկերությունից ղեկավարների և խորհրդի անդամների մասնակցությամբ կլոր սեղան-հանդիպումը պետք է նպաստեր Լոս Անջելեսի և Թուրքիայի միջև գործարար կապերի զարգացմանը, հաղորդում է Asbarez.com-ը:

Համաժողովը չեղարկվել է Վաշինգտոնում անցած շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցների կողմից խաղաղ ցուցարարների վրա հարձակումից հետո Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրեգորյանի բարձրացրած մտահոգությունների պատճառով: Հարձակումը դատապարտել են ինչպես հանրապետականները, այնպես էլ դեմոկրատները, իսկ սենատոր Ջոն Մաքքեյնը կոչ է արել Պետքարտուղարությանը վտարել Թուրքիայի դեսպանին Միացյալ Նահանգներից:

Քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրեգորյանը՝ Լոս Անջելեսի քաղաքային խրհրդում ընտրված առաջին ամերիկահայը, ողջունել է պալատի որոշումը:

«Ես շնորհակալություն եմ հայտնում Լոս Անջելեսի պալատին իմ դիմումին արձագանքելու և Լոս Անջելես-Թուրքիա գործարար համաժողովը չեղարկելու համար: ԱՄՆ խաղաղ քաղաքացիների վրա հարձակումը դատապարտելի է և մեր երկրի օրենքների կոպիտ խախտում»,- ասել է Գրեգորյանը:

Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտակայքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների խումբը հարձակման էր ենթարկվել էրդողանամետ խմբերի կողմից։ The Washington Post-ի հաղորդմամբ՝ տեղի ունեցած բախումների հետևանքով 9 մարդ է վիրավորվել և տեղափոխվել հիվանդանոց:

Կարդացեք նաև՝Վաշինգտոնում Էրդողանն անձամբ է հետևել խաղաղ ցուցարարների հանդեպ բռնության իրագործմանը (վիդեո)