23 մայիսի 2017 - 13:27 AMT
ՊՆ պաշտոնյա. ՌԴ-ից սպառազինության մատակարարումը ՀՀ չի ուշանում

Ռուսական սպառազինության մատակարարումը Հայաստան իրականացվում է առանց ուշացումների: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը՝ ներկայացնելով Ռուսաստանից Հայաստան սպառազինության ներկրման վարկային համաձայնագրի մանրամասները:

Ըստ նրա՝ Հայաստան-Ռուսաստան $200 մլն միջպետական վարկի շրջանակներում նույնիսկ որոշ զինատեսակների մատակարարումը կատարվում է ժամանակից շուտ, գրում է Aysor.am-ը:

Այվազյանն ընդգծել է՝ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունը տեղի է ունենում ինչպես միջպետական վարկի, այնպես էլ՝ երկկողմ համագործակցության շրջանակներում։

2015-ին Հայաստանն ու Ռուսաստանը կնքեցին վարկային պայմանագիր, որի համաձայն Մոսկվան պետք է $200 մլն վարկ է տրամադրել՝ սպառազինության ձեռքբերման համար:

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը 2016-ի սեպտեմբերին տեղեկացրել է, որ վարկի շրջանակում սպառազինության մատակարարումը Հայաստան սկսվել է։

Համաձայնագրի շրջանակում Հայաստանը ձեռք է բերում «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, Իգլա-Ս դյուրակիր ԶՀՀ, ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համալիրներ, 9Մ113Մ «Կոնկուրս» հակատանկային կառավարվող հրթիռներ, Թռչող սարքերի պասիվ տեղորոշման «Ավտոբազա-Մ» համալիրներ, «Տիգր» զրահամեքենաներ, կապի միջոցներ, ավտոտեխնիկա, սակրավորային և ինժեներական սարքավորումներ: Ձեռքբերված սպառազինության մի մասը ցուցադրվել է սեպտեմբերի 21-ին կայացած զորահանդեսի ընթացքում: